Ժենիա Ներսիսեան

1931 Յուլիս 26 – 2021 Նոյեմբեր 4

 

Լոնդոնի Գ Թահթաեան Կիրակնօրեայ Ազգային վարժարանի ամբողջ կազմը իր խորին ցաւակցութիւնն է յայտնում Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր դերասանուհի տիկ Ժենիա Ներսիսեանի ընտանիքին, նրա մահւան առիթով։

Տիկ Ժենիա Ներսիսեանը ծնւել է 1931թ. յուլիսի 26-ին, Երևանում: Աւարտել է Երևանի թիւ 3 իգական դպրոցը, 1953թ.` Երևանի գեղարւեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Նոյն թւականին, Հրաչյա Ղափլանեանի հրաւէրով, ընդունւել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն` որպէս դերասանուհի: Կերտել է շուրջ 150 թատերական դեր: 1965թ. ընտրւել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամաւոր:

Աշխատանքային գործունէութիւնը Լոնդոնում․

Տիկ Ժենիա Ներսիսեանը Լոնդոնում առաջին անգամ ելոյթ է ունեցել 1990 թւականին Համայնքային կենտրոնում ACCC, մասնակցելով հայ գրականութեանը նւիրւած երեկոյին, որի ընթացքում նա կատարել է հայ գրողների ստեղծագործութիւնները։ Նա իր առաջին իսկ ելոյթով, իր կատարողական վարպետութեամբ հիացրել է բրիտանահայ արւեստասէր հասարակայնութեանը։

1993 թւականից հաստատւելով Լոնդոնում նա ունեցել է անհատական համերգներ և մասնակցել է Լոնդոնում կազմակերպւած գրական երեկոյներին։

Տաղանդաւոր դերասանուհին մասնակցել է Հայոց ցեղասպանութեանը նւիրւած համարեայ բոլոր հանդիսութիւններին՝ ասմունքելով Պարոյր Սևակի «Անլռելի զանգագատունը» ստեղծագործութիւնը։

Տիկ Ժ Ներսիսեանի տաղանդն ու նւիրւածութիւնը հայ համայնքին, իրենց շնորհակալական և երախտիքի խօսքերով բարձր են գնահատել՝ Ցեղասպանութեան յանձնախմբի նախագահ դկտ․ Ռոստոմ Ստեփանեանը, Բրիտանահայ Համայնքային և Եկեղեցական Խորհրդի անդամներ՝ պրն Կարպիս Եսայեանը և պրն Անդրանիկ Ցուլիկեանը, տիկ Նուրիցա Մաթոսեանը, տիկ Նունէ Սարգսեանը, Հայաշէնի տնօրինութիւնը և այլն։

Նա Հայաշէնի երիտասարդական ակումբում բեմադրել է «Մկների ժողովը», «Մի կաթիլ մեղրը», « Շունն ու կատուն» ստեղծագործութիւնները։

1996 թւականին տիկ Ժ Ներսիսեանին բախտ է վիճակւել խաղալ անգլիական բեմում, անգլերէն լեզւով «Դատավճիռը» թատերախաղում և արժանացել է մամուլի բարձր գնահատականին։

1996 թւականից տիկ Ժ Ներսիսեանն աշխատել է Լոնդոնի Գ Թահթաեան Կիրակնօրեայ Ազգային վարժարանում։

Տաղանդաւոր դերասանուհին այդ առթիւ արտայայտւել է․ «Ես ինձ շատ երջանիկ զգացի, քանի որ ինձ հնարաւորութիւն էր տրւում շփւելու երեխաների հետ, ճանաչել նրանց հոգին։ Ես ստուդիա եմ ունեցել , Հայաստանում շատ եմ աշխատել երիտասարդների հետ, սակայն լոնդոնահայ երեխան ուրիշ է․․․»

Նա երեխաներին ծանօթացրել է հայ գրականութեանն ու հայոց պատմութեանը, հայ մշակոյթին և թատրոնին։

Վարժարանում նրա առաջին բեմադրութիւնն էր Վահան Թէքէեանի «Խորհուրդ Վարդանանց» ստեղծագործութիւնը՝ ուսուցիչների և աշակերտների մասնակցութեամբ, գլխաւոր դերակատարը տիկ Ժ Ներսիսեանն էր։ Նա աշխատում էր մեծ ոգևորութեամբ․․․ հայրենիքից հեռացած, բեմին խենթի պէս կարօտած․․․ և այսպէս սկսւեց բեմադրութիւնների շարանը։

Դպրոցում նա բեմադրեց Յովհ․Թումանեանի յամարեայ բոլոր հեքիաթները, «Անուշ» պոեմը, Վ Սարոեանի «Իմ սիրտը լեռներում», Խնկո Ապոր «Մկների ժողովը», «Իսկական ընկերը», Ռ Մարուխեանի «Պարզ նախադասութիւն»։ Նա բեմադրեց «Տիգրան մեծ աշխարհակալ տիրակալը», Անի մայրաքաղաքի հիմնադրման 1000 ամեակին նւիրւած «Բագրատունեաց թագաւորութեան Անի մայրաքաղաքը» բեմադրութիւնները։ Հայոց ցեղասպանութեան 100 ամեայ տարելիցին նւիրւած ձեռնակների շարքում նա բեմադրեց Գ Թահթայի «Այսպէս ապրեցանք» գիրքը ուսուցիչների և աշակերտների մասնակցութեամբ, Դանիէլ Վարուժանի և Պարոյր Սևակի կեանքն ու ստեղծագործութիւնները։ Նա առանձնայատուկ ոգեւորութեամբ բեմադրեց Յովհ․Թումանեանի «Սասունցի Դաւիթ» էպոսը աշակերտների մասնակցութեամբ և այնուհետև կատարեց մենաներկայացում համայնքի համար՝ Բրիտանահայ Համայնքային Խորհրդի հովանաւորութեամբ։ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակման 25-րդ ամեակի առթիւ բեմադրեց Գ Էմինի «Յաւերժի ճամփորդը» ստեղծագործութիւնը։

Վաստակաշատ դերասանուհի տիկ Ժ Ներսիսեանը չի խնայել իր ուժն ու եռանդը, հնարաւորութիւնն ու տաղանդը ներդնելու հայ մշակոյթի պահպանմանը ինչպէս հայրենիքում, այնպէս էլ հայրենիքից դուրս։

Նա արժանացել է բազմաթիւ մեդալների և պատւոգրերի: 1976թ. արժանացել է Հայաստանի վաստակաւոր արտիստի կոչման, 2011թ.` ՀՀ մշակոյթի նախարարութեան ոսկե մեդալի, 2012թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:

Սիրելի տիկ Ժենիայի յիշատակը միշտ վառ կմնայ բոլորիս սրտերում։

Աստւած լուսաւորի նրա հոգին և ուժ ու համբերութիւն տայ ընտանիքին և հարազատներին․․․

Ռուզաննա Թաթուլեան

Գ Թահթաեան Կիրակնօրեայ Ազգային վարժարան

Comments are closed.

css.php