Հռոմի Պապը վերահաստատել է Հայոց ցեղասպանության իրողությունը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Կիլիկիայի Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ներսես-Պետրոս 19-րդ պատրիարքի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է իր` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ավելի վաղ արտահայտած տեսակետը, հաղորդում է Asbarez.com-ը:

Այցի ընթացքում, երբ պատվիրակության անդամներից մեկը նշել է, որ ինքը Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդ է, Հռոմի պապը նշել է. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը Հայոց ցեղասպանությունն է»,- այդպիսով վերահաստատելով ավելի վաղ, երբ նա գլխավորում էր Բուենոս Այրեսի կաթոլիկ եկեղեցին որպես կարդինալ Խորխե Բերգոլիո, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր դիրքորոշումը:

Յոթ տարի առաջ Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ այն ժամանակ արքեպիսկոպոս Բերգոլիոն կոչ էր արել Թուրքիային՝ ճանաչելու ցեղասպանությունը որպես «հայ ժողովրդի և ողջ մարդկության դեմ Օսմանյան Թուրքիայի կողմից կատարված ամենադաժան ոճրագործություն»:

Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Ալֆոնսո Տաբակյանը բացատրել է, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ ընտրվելուց հետո սա Պապի առաջին նման հայտարարությունն է:

Տաբակյանն այդ հայտարարությունը շատ կարևոր է համարել, քանի որ նրա «խոսքերը վեր են պետությունից և կրոնից»:

Leave a Reply

css.php