Հեռուստամարաթոնի միտումները. նվիրատվությունների աշխարհագրության փոփոխությունը արտացոլում է Հայաստան-սփյուռք հարաբերությունների ներկայիս փուլը

2012 թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի շրջանակներում անցկացվող 15-րդ ամենամյա հեռուստամարաթոնի արդյունքները երևան հանեցին սփյուռքի հետ Հայաստանի և Ղարաբաղի համագործակցության մեջ շերտերի վերջնական տեղաշարժ: Եթե ընդամենը մի քանի տարի առաջ նվիրատվությունների, հատկապես, խոշոր, հիմնական մասը ստացվում էր ամերիկահայերից, ապա այժմ խոշոր ներդրումներ են կատարում ռուսաստանաբնակ հայերը:

Ռուսաստանցի հայերի մասնաբաժինը նվիրատվությունների ընդհանուր գումարի` 21 մլն 422 հազարի մեջ կազմել է 12 մլն 100 հազար դոլար: Ամենախոշոր նվիրատվությունները կատարել են «ՌԵՍՕ-գարանտիա» ընկերության նախագահ Սերգեյ Սարկիսովը (4 մլն դոլար + 10 հազ. դոլար Ստեփանակերտի թիվ 1 դպրոցին), «Զրուցակից» հրատարակչատան տնօրենների խորհրդի նախագահ Լևոն Հայրապետյանը (2 մլն դոլար), «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը (1,5 մլն դոլար), «Աֆինա պալլադա» ընկերությունների խմբի նախագահ Հայկ Մագաքելյանը (1 մլն դոլար), «Լուդինգ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Շահազիզյանը (600 հազ. դոլար), Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը (500 հազ. դոլար):

Առաջին տասը հեռուստամարաթոնների ընթացքում նվիրատվությունների չափով միմյանց հետ «մրցում» էին հայ նշանավոր բարերարներ Լուիզ Սիմոն Մանուկյանը, Ալբերտ Բոյաջյանը, Հովնանյանների ընտանիքը: Սակայն հիմա նրանք նախընտրում են կողք կանգնել: 2011 թ. հեռուստամարաթոնի ընթացքում 11 մլն դոլար էր նվիրաբերել արգենտինացի ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանը, սակայ այս տարի նա նույնպես չի հայտարարել ներդրման մասին:

Փորձագետները պայմանավորում են այս փոփոխությունները մի քանի գործոններով: Նախևառաջ, անշուշտ, արևմտյան սփյուռքի անվստահության աճով Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունների նկատմամբ, որոնք տնտեսությունը վերջնականապես դարձրել են օլիգարխիկ և մենաշնորհային: Քանիցս խոսվել է այն մասին, որ հավաքված միջոցներն անարդյունավետ են օգտագործվում, մեծ է այսպես կոչված «ատկատների» մասնաբաժինը:

Երկրորդ` Բակո Սահակյանի` ԼՂՀ նախագահ ընտրվելուց հետո գրեթե ընդհատվեցին արևմտյան սփյուռքի հետ Ղարաբաղի կապերը, փոխարենն ակտիվացել են Ռուսաստանից ձեռնարկատերերը: Նրանցից շատերին Բակո Սահակյանը անձամբ է ծանոթ, երբ մի քանի տարի ներկայացնում էր Հայաստանը Ռուսաստանի ՊԱԿ-ում:

Նոյեմբերին 8-ին Մոսկվայում Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը «Հայաստան» հիմնադրամի շրջանակներում բարեգործական ընդունելության ընթացքում նշել է բազմաթիվ նախագծեր, որոնք վերջին 5-6 տարիների ընթացքում իրականացվել են ռուսաստանաբնակ հայերի ներդրումներով:

«Ստեփանակերտում ավարտվում են հանրապետական հիվանդանոցի շինարարությունը, թիվ 3 դպրոցի հիմնանորոգումը, լրիվ թափով ընթանում է թիվ 1 և թիվ 6 դպրոցների նոր մասնաշենքերի, ինչպես նաև նոր ծննդատան շինարարությունը: Վերջերս Շուշիում վերանորոգվել է Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը և պատմական «Մարիամ Ղուկասյան» օրիորդաց դպրոցի շենքը: Ստեփանակերտում կապիտալ վերանորոգվել է ծերանոցի շենքը: Կառուցվել ու կառուցվում են բազմաթիվ ջրատարներ, ճանապարհներ և կենսական նշանակություն ունեցող այլ օբյեկտներ: Այս ամենն իրականացվել է Ռուսաստանի մեր քույրերի ու եղբայրների անմիջական աջակցությամբ»,- ընդգծել է Բակո Սահակյանը:

Ղարաբաղը շարունակում է ակնհայտորեն ռուսաստանամետ մնալ, թեև Հայաստանը հռչակել է եվրաինտեգրման կուրս և ըստ ամենայնի ամրապնդում է կապերը թե Եվրոպայի և թե ԱՄՆ-ի հետ: Սակայն արդեն կարծիքներ են հնչում, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի եվրաինտեգրման հավանականությունն առանց Ղարաբաղի: Հնարավոր է` հենց դրանով էր պայմանավորված Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամների այցը Ղարաբաղ` նրա համանախագահ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ: Այցի ընթացքում քննարկվեցին Եվրոպայի հետ ԼՂՀ հարաբերությունների հաստատման հնարավորությունները: Այժմ այդ կապերը գոյություն ունեն միայն ոչ կառավարական կազմակերպությունների մակարդակով: Ահա արդեն 2 տարի Եվրամիությունը Ղարաբաղի քաղաքացիական կազմակերպությունների դրամաշնորհների ֆինանսավորման համար հատկացնում է միջոցներ:

Leave a Reply

css.php