Հարևանություն. բոլոր հայացքներն ուղղված են դեպի Թուրքիան, մինչ Թաքսիմ հրապարակի բողոքի ակցիան ավելի է տարածվում

Հայ քաղաքական վերլուծաբաններն ուշի ուշով հետևում են Թուրքիայում տեղի ունեցող դրամատիկ իրադարձություններին, քանի որ հարևան երկրում, որի հետ Հայաստանը թեև դիվանագիտական հարաբերություններ չունի, քաղաքական փոփոխությունները կարող են իրենց անմիջական և լուրջ ազդեցությունը թողնել ողջ տարածաշրջանի, այդ թվում` նաև Հայաստանի վրա:

Ռուբեն Մելքոնյանը

Ռուբեն Մելքոնյանը

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը շեշտում է, որ Թուրքիայում անցյալ շաբաթ երիտասարդ բնապահպանների կազմակերպած ինքնաբուխ և փոքրաթիվ բողոքի ակցիան վերածվել է բավական լուրջ ներքաղաքական երևույթի, որը կարող է տարածում գտնել նույնիսկ Թուրքիայի կրտսեր եղբայր Ադրբեջանում: Մելքոնյանի խոսքով` Թուրքիայում տեղի ունեցող բոլոր երևույթները սովորաբար ավելի գավառական և պարզունակ եղանակով իրենց արտացոլումն են գտնում Ադրբեջանում:

Թուրքագետն ասում է` անցյալ շաբաթ Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակի մոտ գտնվող Գեզի այգում իրականացվող շինարարության դեմ սկսված բնապահպանական բողոքի միջոցառումները շատ արագ տարածում են գտել Թուրքիայի այլ բնակավայրերում (Թուրքիայի 80 նահանգներից 44-ում, և խոշոր քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում, Անթալիայում, Իզմիրում արդեն բողոքի ակցիաներ են տեղի ունեցել)՝ վերածվելով հակակառավարական բողոքի հուժկու ալիքի: Մելքոնյանի տվյալներով` բողոքի ակցիաներին մասնակցում է նաև Թուրքիայի հայ համայնքի այն ակտիվ հատվածը, որը ձախակողմյան հայացքներ ունի:

Թուրքագետը նկատում է, որ թեև վարչապետ Ռեջեփ Էրդողանի իշխանության դեմ բողոքող շարժումը դեռ չունի որևէ քաղաքական ընդգծված առաջնորդ, սակայն դրանում պարզ երևում են Թուրքիայի` իսլամիստական ուղղվածություն ունեցող իշխանությունների և թուրք զինվորականության ու առավել աշխարհիկ իշխանության կողմնակիցների միջև առկա հակասությունները:

Նկատենք, որ անցյալ շաբաթ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության նախաձեռնությամբ խորհրդարանը ալկոհոլի վաճառքի և գործածման սահմանափակման մասին օրենք էր ընդունել: Ի պատասխան հարյուրավոր ցուցարարներ միտումնավոր Գեզի այգի էին եկել ալկոհոլային խմիչքներով՝ վարչապետին կոչ անելով հետ կանգնել բռնապետական որոշումներից:

Վերլուծաբանները թեև դեռ մի փոքր զգուշանում են Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները «թուրքական գարուն կամ ամառ» անվանելուց «արաբական գարնան» նմանությամբ, սակայն պետք է նշել, որ փողոց դուրս եկած ժողովրդի ընդվզումը հանդիպում է թուրք ոստիկանության շատ բիրտ արձագանքին, արդեն իսկ ձերբակալվել են մոտ 3000 ցուցարարներ, կան հարյուրավոր վիրավորներ, 20 և 22 տարեկան երկու երիտասարդներ էլ զոհվել են:

«Թուրքական «ժողովրդավարությունը» ևս մի անգամ իր իրական դեմքը պարզեց»,-Եվրամիության աջակցությամբ բազմաթիվ վերապատրաստումներ անցած, սակայն բիրտ ճնշում գործադրող ոստիկանության գործողություններին հղում կատարելով` ասում է Մելքոնյանը` համոզմունք հայտնելով, որ տեղի ունեցածը լավ խաղաքարտ է Թուրքիայի եվրոպական անդամակցությանը ընդդիմացող երկրների համար:

Վարչապետ Էրդողանը, ի տարբերություն նախագահ Աբդուլլահ Գյուլի, ով բողոքի ակցիաները համարել էր ժողովրդավարության դրսևորում, շատ արհամարհական վերաբերմունք էր արտահայտել ցուցարարների նկատմամբ` նրանց «խարդախներ, խաբեբաներ» անվանելով: Երկուշաբթի Մարոկկո մեկնելուց առաջ Էրդողանը, դրսի ուժերին մեղադրելով Գեզի այգու ցուցարարներին աջակցելու մեջ, ասել էր, որ Թուրքիայի հետախուզական ծառայությունները ցուցարարների և օտարերկրյա ուժերի միջև կապեր են որոնում:

Թուրքագետ Մելքոնյանը չի բացառում արևմտյան ուժերի դերակատարումը թուրքական զարգացումներում` դա համարելով Թուրքիայի վարած ագրեսիվ քաղաքականությունը զսպող միջամտություն:

«Թուրքիան վերջին շրջանում շատ է ակտիվացել տարածաշրջանում և նաև քաղաքական սանձարձակության է դիմում, այսինքն՝ շատ ավելի խիստ տոներով է խոսում ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլ նաև իր հովանավորների` Արևմուտքի, ԱՄՆ-ի հետ: Եվ սա ես դիտարկում եմ որպես Արևմուտքի կողմնորոշիչ զգաստացնող մի հարված Թուրքիայի իշխանություններին, որով երևի թե նրանց մեսիջ է ուղարկվում, որ իրենց պահանջների մեջ մի փոքր ավելի սահմանափակվեն, քանի որ իրենց հասարակության մեջ ունեն բավական խոցելի կողմեր, և ամեն րոպե դա կարող է ակտիվանալ»,- ասում է Մելքոնյանը:

Leave a Reply

css.php