Հայաստանի պաշտպանության նախարարի ուղղաթիռի վրա ադրբեջանցիները կրակել են

Երկուշաբթի առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող զորամասերից մեկը տեղափոխող ուղղաթիռի վրա, ըստ ականատեսների՝ ադրբեջանական կողմը կրակ է արձակել:

«Առավոտ» թերթը գրում է, որ Հայաստանի Նոյեմբերյանի շրջանում գտնվող Ոսկեպար գյուղի բնակիչները հայտնել են, թե սահմանի այդ հատվածում ադրբեջանական զինուժը կրակ է բացել ուղղաթիռի վրա, երբ այն թռչում էր ցածր բարձրությամբ:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը ո՛չ հաստատել և ո՛չ էլ հերքել է այս տեղեկությունը՝ ասելով, որ ուղղաթիռի վրա գնդակների հետքեր չկան:

Պաշտպանության նախարար Օհանյանը մոտ երկու ժամ է անցկացրել Նոյեմբերյանի զորամասում, որտեղ մայիսի 15-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով ժամկետային զինծառայող էր զոհվել, ևս մեկն էլ ծանր վիրավորվել էր: Այնուհետև նախարարը նույն ուղղաթիռով հետ է վերադարձել Երևան:

Հայ-ադրբեջանական սահմանային գոտում կրակոցները հազվադեպ երևույթ չեն: Պաշտպանության նախարարի ուղղաթիռի ուղղությամբ կրակոցի մասին տեղեկատվությունը եղել է արտգործնախարարների մակարդակով ղարաբաղյան հակամարտության հնարավոր կարգավորման հայ-ադրբեջանական նոր բանակցություններից երկու օր անց:

Անցյալ ուրբաթ Լեհաստանի Կրակով քաղաքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուս և ֆրանսիացի համանախագահները կրկին ընդգծել են, որ անհրաժեշտ է խուսափել քայլերից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են վնասել խաղաղ գործընթացը կամ խթանել լարվածությունը:

Leave a Reply

css.php