Հայաստանի նախագահը հանդիպել է Ուելսի արքայազնի հետ

Photo: www.president.am
Photo: www.president.am

Բրիտանական գահի 64-ամյա ժառանգ արքայազն Չարլզը, ով երեքշաբթի եռօրյա մասնավոր այցով ժամանել է Հայաստան, չորեքշաբթի հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել նախագահի Երևանի նստավայրում:

Ուելսի արքայազն Չարլզը բրիտանական արքայական ընտանիքի առաջին անդամն է, ով ժամանել է անկախ Հայաստան: Նրա այցելության հիմնական նպատակն է նպաստել Միացյալ Թագավորությունում բնակվող Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի նախաձեռնած «Երևան, իմ սեր» բարեգործական ծրագրին:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը ողջունել է արքայազնին Հայաստանում, որտեղ, ըստ նախագահի, նա հնարավորություն ունի ծանոթանալու մեր երկրին, ժողովրդին, մեր պատմամշակութային ժառանգությանը:

Ընդգծելով, որ հայ-բրիտանական հարաբերությունները երկար դարերի պատմություն ունեն, և հայ ժողովուրդը ջերմորեն է վերաբերվում բրիտանացի ժողովրդին ու արքայական ընտանիքին՝ հանրապետության նախագահը խնդրել է իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Նորին մեծություն թագուհի Եղիսաբեթ Երկրորդին: Սերժ Սարգսյանը նշել է, որ հաճելի զգացումներ և հիշողություններ է պահպանել 2010 թ. Լոնդոնում Նորին մեծության և արքայազնի հետ հանդիպումներից:

«Ձեր նկատմամբ մեր ժողովրդի վերաբերմունքն առանձնահատուկ է, և դա պայմանավորված է նաև նրանով, որ Դուք բարեգործական մեծ գործունեություն եք ծավալում: Դրա վառ վկայությունը «Երևան, իմ սեր» ծրագրին Ձեր ակտիվ մասնակցությունն է և Ձեր ներդրումը»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ դիմելով արքայազնին:

Նա նաև շնորհակալություն է հայտնել «Երևան, իմ սեր» բարեգործական ծրագրի հիմնադիր Արմեն Սարգսյանին՝ այդ ծրագիրը նախաձեռնելու և Ուելսի արքայազն Չարլզի այցը Հայաստան կազմակերպելու համար:

Արքայազն Չարլզը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ հյուրընկալության, իսկ Արմեն Սարգսյանին՝ հրավերի համար և կարևորել «Երևան, իմ սեր» բարեգործական ծրագիրը, ինչպես նաև Դիլիջանում կառուցվող միջազգային դպրոցի ծրագիրը, նշելով, որ շուրջ 14 տարի եղել է «Աշխարհի միավորված քոլեջներ» կոնսորցիումի նախագահը:

Արքայազն Չարլզն ընդգծել է, որ բարձր է գնահատում կրթության և երիտասարդության զարգացմանն ուղղված ծրագրերին Հայաստանի Հանրապետությունում հատկացվող ուշադրությունը և պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու երիտասարդ ձեռներեցներին աջակցության իր ծրագիրը նաև Հայաստանում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-բրիտանական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը, երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի:

Leave a Reply

css.php