Կարինե Ղազինյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան

Karine Kazinian
Karine Kazinian

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանի աճյունը Հայաստան կտեղափոխվի այս շաբաթվա վերջին: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Այս պահին փաստաթղթերի ձևակերպման ու կարգավորման վերաբերյալ աշխատանքներ են իրականացվում: Այլ մանրամասներ առայժմ հստակեցված չեն: Բալայանը խոստացավ դրանց մասին տեղեկացնել ավելի ուշ:

Հիշեցնենք, որ 57-ամյա կին դեսպանը մահացավ նոյեմբերի վեցին` ԱՄՆ-ում:
Կ. Ղազինյանը ծնվել է 1955 թվականի, հունվարի 8-ին, Երևանում: 1977թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ռոմանա-գերմանական բաժինը: Աշխատել է Մոզամբիկի, Պորտուգալիայի ԽՍՀՄ դեսպանությունում: Երևանի պետական համալսարանում որպես իրավագիտության և բանասիրության ֆակուլտետների անգլերեն լեզվի դասախոս էր:

Որպես Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան աշխատել է Ռումինիայում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:

2009 թ. մարտից – 2011թ. սեպտեմբերի 8-ը` ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստան- ԵՄ Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող: 2010թ. հունիսին ավարտել է Հարվարդի համալսարան, Քենեդու կառավարման դպրոց, գործադիր կառավարման դասընթացները: 2011թ. սեպտեմբերի 8-ից` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

Դիվանագիտական աստիճանը` Արտակարգ և լիազոր դեսպան: Պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով, Ռումինիայի Մեծ Խաչի ազգային շքանշանով:

Leave a Reply

css.php