Լեռնային Ղարաբաղի համակարտությունը ռազմական լուծում չունի. Ջեյմս Ապատուրայ

James Appathurai
James Appathurai

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության ներկայացուցիչները բարձր են գնահատում Հայաստանի ներդրումը կառույցի խաղաղարար առաքելություններին: ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում Երեւանում նոյեմբերի 3-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի գործընկերության նոր քաղաքականությանը նվիրված սեմինարին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած` Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը բացառիկ հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին:

Պարոն Ապատուրայ, Հայաստանը փորձում է ակտիվացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը մի քանի ծրագրերի շրջանակներում: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ հարաբերությունների առաջընթացը Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում:

Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն գերազանց հարաբերությունների են հասել վերջին տարիներին: Հայաստանը ՆԱՏՕ-ի գործողությունների հաստատուն մասնակիցն է Աֆղանստանում եւ Կոսովոյում: Հայկական զինուժի սպաներ, Հայաստանի նախարարությունների մի շարք պաշտոնյաներ ամեն տարի մասնակցում են «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի հովանու ներքո կազմակերպված գործողություններին: Բացի այդ, Հայաստանը ակտիվորեն ներգրավված է ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ ՆԱՏՕ-ի գործընկերների քաղաքական քննարկումներում: Լավագույն օրինակն այս շաբաթվա ՆԱՏՕ-ի գործընկերության զարգացման վերաբերյալ միջզագային սեմինարն է:

Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է: Այս փաստը ուրեւէ կերպ ազդո՞ւմ է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների վրա, ինչ-որ լարվածություն ծագե՞լ է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում:

Ոչ, ես ոչ մի լարվածություն չեմ տեսնում այստեղ: Մենք մեր գործընկերներին չենք խնդրում նախապատվությունը տալ այս մեկին կամ մյուսին:

Հայաստանը նաեւ մասնակցում է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին, մասնավորապես Կոսովոյում եւ Աֆղանստանում: Ինչպե՞ս եք գնահատում այս առաքելություններում Հայաստանի ներդրումը:

Հայաստանը այս գործողություններում հաստատուն մասնակից է: ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում Հայաստանի՝ մեր գործողություններին ուժեր տրամադրելու հանձնառությունը: Զինված ուժերը նշանակալի դեր են կատարում առաքելություններում, իսկ արտերկրում ձեռք բերած փորձը նպաստում է Հայաստանի զինուժի զարգացմանը:

Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Հոնգարիայից արտահանձնելուց եւ հայրենիքում ազատ արձակելուց հետո շատ տեսակետներ հնչեցին, որ ՆԱՏՕ-ն պետք է խստագույնս դատապարտի այդ փաստը եւ պետք է դադարեցնի իր ծրագրերում Ադրբեջանի մասնակցությունը: Ի՞նչ արձագանք ունեք այս մեկնաբանություններին, արդյոք ՆԱՏՕ-ն պատրաստ է ձեռնարկել որեւէ լուրջ քայլ Ադրբեջանի դեմ:

Կարծում եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հստակ է արտահայտվել սեպտեմբերին Երեւան եւ Բաքու կատարած այցելությունների ժամանակ: Նա իր խորը մտահոգությունը հայտնեց ադրբեջանցի սպա Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ որոշում ընդունելու առնչությամբ: 2004 թ.-ին այս սպայի կատարած գործողությունը սարսափելի հանցագործություն էր, որը պետք է չփառաբանվեր: Ներում շնորհելը վնասում է երկու կողմերի միջեւ վստահությանը եւ չի նպաստում բանակցային գործընթացին:

Սաֆարովին ազատ արձակելուց հետո լարվածությունը տարածաշրջանում, մասնավորապես ԼՂ-ի հակամարտության շուրջ, թեժացավ: Ինչպե՞ս եք տեսնում ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարը՝ հատկապես Ադրբեջանի քայլից հետո, որը մեծապես վնասեց խաղաղ բանակցություններին:

Լեռնային Ղարաբաղի համակարտությունը ռազմական լուծում չունի, և դիվանագիտական ուղու համար առաջընթացն անհրաժեշտ է: Հակամարտությունից ուղղակիորեն տուժած երկու կողմերի ժողովուրդներն արժանի են խաղաղության: Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, ակտիվորեն միջնորդություն են ցուցաբերում այս հարցում, սակայն նույնիսկ այս ազդեցիկ երկրները չեն կարող հաջողության հասնել, եթե հակամարտության կողմերը փոխզիջման մոտեցում չեն ցուցաբերում: Իսկ փոխզիջումը կնշանակի, որ երկու կողմերն էլ գնում են զիջումներ անելու քայլին: Եթե փոխզիջումային լուծումը համաձայնեցվի, դա ամբողջ տարածաշրջանի համար վիթխարի խթան կլինի:

Leave a Reply

css.php