Ընտրություններ 2013. Հայաստանի պատմության մեջ ամենատարօրինակ ընտրություններ

Armenia's Presidential Residence - Ֆոտոլուր
Armenia's Presidential Residence - Ֆոտոլուր

Հայաստանում սպասվում են նախագահի ամենաթաքնված ընտրություններ: Թեկնածուների առաջադրումից երեք օր առաջ դեռ հայտնի չէ, թե ո՞վ է լինելու գործող նախագահ Սերժ Սարգսյանի մրցակիցը: Որոշ փորձագիտական շրջանակներում սա գնահատվում է որպես ընտրությունների նկատմամբ հասարակության անտարբերության ու անվստահության և քաղաքական ուժերի կողմից հասարակական կարծիքն անտեսելու հետևանք:

Առաջադրումը տեղի կունենա դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 5-ը` ամանորյա արձակուրդի ժամանակ, որին մարդիկ արդեն տենդորեն նախապատրաստվում են` առևտուր անելով և ոչ ընտրական միջոցառումներով: Եվ, փաստորեն, արձակուրդից վերադառնալով, նրանց կհրամցվի թեկնածուների ցուցակը, որոնց առաջադրմանը նրանք ոչ մի առնչություն չունեն: Ու թեպետ առաջադրման ժամկետները սահմանված են Սահմանադրությամբ, սակայն դրանք ընդգծում են հասարակությունից քաղաքական ընտրությունների լիակատար կտրվածությունը:

Ի դեպ, արդեն հայտնվում են հնարավոր թեկնածուների մասին առաջին լուրերը: Առաջադրվելու ցանկություն է հայտնել Հայաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատյանը: Նա դեկտեմբերի 24-ին գումարելու է իր «Ազատություն» կուսակցության համագումարը, որը կարող է նրան թեկնածու առաջադրել: Ընդ որում, Բագրատյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտարարել է, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ապա ինքը կհանի իր թեկնածությունը:

Հավանաբար Բագրատյանը խիստ կասկածում է, որ Տեր-Պետրոսյանը կառաջադրվի: Դեկտեմբերի 22-ին տեղի կունենա Հայոց համազգային շարժման համագումարը, որում Տեր-Պետրոսյանը կհայտարարի իր որոշման մասին: Արդեն տարբերակներ են քննարկվում, որ նա, ամենայն հավանականությամբ, կա´մ կսատարի իր հովանավորյալ և քաղաքական ժառանգ Լևոն Զուրաբյանին, կա´մ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Վարդան Օսկանյանին:

Միևնույն ժամանակ թեկնածուների պակաս չկա, նրանցից մեկը` Անդրեաս Ղուկասյանը, որը հայտնի է իր քաղաքացիական գործունեությամբ, երեկ հրապարակել է իր նախընտրական ծրագիրը, որը խարսխված է քաղաքացիական վերահսկողության ուժեղացման, ազգային հարստության վերաբաշխման և օլիգարխիան արմատախիլ անելու վրա:

Մինչ այդ, սոցիոլոգիական ծառայություններն արդեն հրապարակում են առաջին կանխատեսումները: Հայաստանի բնակչության 49%-ը իր ձայնը կտար Սերժ Սարգսյանին, 21%-ը` Գագիկ Ծառուկյանին, 6%-ը` Լևոն Տեր-Պետրոսյանին, 5-ական տոկոս կստանան Ռոբերտ Քոչարյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս մասին դեկտեմբերի 20-ին հաղորդեց Gallup Organization-ի ներկայացուցիչ Ռասա Ալիշաուսկենեն: Հարցվածների 21%-ը, ովքեր հայտարարել են, թե պատրաստ են իրենց ձայնը տալու Գագիկ Ծառուկյանին, ասել են, որ եթե նա չառաջադրվի, իրենք իրենց ձայնը կտան Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին` 36%-ը` 13% և 9% համապատասխանաբար: Հարցումներն անցկացվել են «Արմնյուզ» հեռուստաընկերության պատվերով` նախքան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` չառաջադրվելու մասին հայտարարությունը:

Leave a Reply

css.php