Դուք հասկանու՞մ եք, թե ինչ է նշանակում, երբ զինվոր է դուրս գալիս փողոց

Ազատագրական բանակ: Լուսանկարն արվել է Աղդաբանի գործողությունից առաջ
Ազատագրական բանակ: Լուսանկարն արվել է Աղդաբանի գործողությունից առաջ

Վոլոդյային գիտեմ քսան տարուց ավելի: Նա Լեոնիդ Ազգալդյանի ստեղծած «Ազատագրական բանակի» զինվորներից է: Մասնակցել է բազմաթիվ մարտերի: Հիմա Ազատության հրապարակում Վոլոլոդյա Ավետիսյանը երկու տասնյակ ազատամարտիկների հետ նստացույց է անում: Նրանք պահանջում են վերանայել սոցիալական երաշխիքները, կենսաթոշակի վերահաշվարկման կարգը եւ մի շարք այլ հարցեր: Մի խոսքով՝ արժանապատիվ ապրելակերպ են պահանջում:

Ռազմական գործողությունների ավարտից հետո Վոլոդյան մնացել է բանակում: Քաղաքականությունը նրան չէր հետաքրքրում, նա սիրում է զինվորական գործը եւ ծառայում էր: Կարգապահ զինվորական է: Երբեք չէր շահարկում իր՝ «կռված տղա» լինելը: Ինչպես, ասենք, պատգամավորական բազկաթոռներին նստածները: Կարողություն ձեռք չի բերել, կաշառք չի վերցրել, մի կերպ քարշ է տվել իր գոյությունը:

Պետությունը որոշ բաներ, իհարկե, անում է պատերազմի մասնակիցների համար, բայց դա բավարարում է զուտ սովամահ չլինելուն: Պետությունը, ասում եք, աղքատ է, այդքանն է կարողանում: Ոչ ոք վաղուց չի հավատում սրան, քանի որ դուք` պատգամավորներդ, նախարարներդ, զանազան պաշտոնյաներդ այս աղքատ երկրում միլիոնավոր դոլարների կարողություն եք դիզել:

Իհարկե, պատերազմի մասնակիցները կարող են սրանց բոլորի հարցերը լուծել: Նրանց համար դա շատ հեշտ գործ է: Նրանցից շատերը պարզապես կորցնելու բան չունեն: Մանավանդ նրանք, ովքեր հիվանդ են, ովքեր աղքատության ճիրաններից երբեք դուրս չեն գա, ովքեր իրենց զավակների համար ոչինչ չեն կարողանում անել:

Պետության ղեկավարներն այդպես էլ չհասկացան, թե ինչպես են ապրում այս երկրի քաղաքացիները: Նրանցից ոչ ոք պատկերացում չունի, թե ինչ է նշանակում էլեկտրաէներգիայի, գազի, վիրահատության, դեղի փող չունենալ, երեխայիդ կրթության տալու փող չունենալ: Նրանք այնքան են լպիրշացել, որ խորհուրդ են տալիս աթարով տաքացնել տունը, համոզում են, որ 32 հազար դրամով հնարավոր է մեկ ամիս ապրել: Նրանք քաղաքացիներին այսպիսի խորհուրդներ են տալիս, իսկ իրենք միայն հասցնում են իրենց փողերը հաշվել, տեղավորել զանազան բանկերում, արտերկրի զանազան քաղաքներում անշարժ գույք ձեռք բերում, բիզնեսներ սկսում:

Պետությունը, ասում են, աղքատ է: Իհարկե, աղքատ պիտի լինի, եթե պետության փողերը ձեր բանկային հաշվեհամարներին է:

Կեղծիքը կեղծիքի վրա, քծնանքը քծնանքի վրա բազմացրել եք ձեր տեսակը ու ստիպել, որ Վոլոդյայի նման զինվորը բողոքի ակցիայի դուրս գա: Դուք գոնե հասկանու՞մ եք, թե ուր եք հասցրել զինվորին, որ նա բանակից դուրս է եկել ու հրապարակ նետվել: Դուք հասկանու՞մ եք, թե ինչ է նշանակում, երբ զինվոր է դուրս գալիս փողոց: Դուք գիտե՞ք, որ ձեր փողը, ձեր առանձնատները, ձեր մեքենաները, ձեր թիկնապահները զինվորի համար արժեք չունեն: Դուք այս ամենի տակից ո՞նց եք դուրս գալու:

Լուսանկարը` Սարգիս Հացպանյանի: 04.04.1992

Լուսանկարում` ձախից` Մանուկ Սահակյանը( Մանչ), զոհվել է 1992 թ., Վոլոդյա Ավետիսյանը, Լեոնիդ Ազգալդյանը,զոհվել է 1992 թ), հետեում` Յուրի Ղազարյանը, զոհվել է 1994 թ.:

Leave a Reply

css.php