Դկտ. Տ.Ներսես ավագ քհն. Ներսեսյանի ուղերձը Ապրիլյան հուշ-երեկոյին

Այսօր, մեր սրտերը ծով վշտով լցված, հոգեկան ծանր ապրումներով ոգեկոչում ենք հիշատակն այն ահավոր ողբերգության, որն սկիզբ առավ 1894 թ. արյունարբու Սուլթան Աբդուլ Համիդի օրով՝ Սասունի ջարդով եւ շարունակվեց տասնյակ տարիներ, մինչեվ 1923թ.՝ բնաջինջ անելով արեվմտյան Հայաստանի համայն հայությունը: Այն դաժան քաղաքականությունը, որն սկիզբ առավ «Կարմիր Սուլթանի» գահակալության շրջանին, հեղափոխական Երիտասարդ Թուրքերը շարունակեցին եվ հասցրին իր վախճանին: Նահատակվեցին, տեղահանվեցին երկու միլիոն հայեր, հրկիզվեցին ու քարուքանդ եղան բազմահազար շեն քաղաքներ եվ գյուղեր, եկեղեցիներ ու վանքեր, համաշխարհային միջնադարյան ճարտարապետության պատմական հոյակերտ կոթողներ: Ոչնչացրին նաեւ ժողովրդի գրականությունն ու մանրանկարչություն պարունակող հազարավոր ձեռագրական գանձեր: Կորուստը ո՛չ միայն հայ ժողովրդինն էր, այլ նաեւ ո՛ղջ քաղաքակրթության: Հայ ժողովորդն իր երկար պատմության ընթացքին առաջին անգամ չէր, որ ականատես էր լինում համաշխարհային քաղաքակրթության մեջ ներդրած իր մշակութային գանձերի ոչնչացմանը: Սակայն Արաբական, Սելջուկյան, Թաթար-Մոնղոլական, Պարսկական արշավանքների ընթացքին հայ ժողովրդի կրած ողջ կորուստներն աննշմարելի են դառնում՝ համեմատած 1915 թվականի անհամար կորուստներին:

19-րդ դարի ավարտին, Օսմանյան կայսրությունն սկսեց տարանջատվել եվ Ռուսաստանն ու Մեծն Բրիտանյան ավետարանի ասացվածքով՝ «զի ուր գէշն իցէ՝ անդր ժողովեսցին արծուիք», սկսեցին հետաքրքվել «Եվրոպայի հիվանդոտ մարդու» (Sick man of Europe) (քաղաքական շրջանակներում Թուրքիայի համար տարածված մի անվանում), եվ առաջին անգամ նաեւ հայ ժողովրդի ճակատագրով: Հայերի նկատմամբ սրտցավության մղիչ ուժը նավթն ու ոսկին կամ արծաթը չէր, այլ իրենց ազգային շահերը: Ռուսաստանի համար Հայաստանը հարթ եւ հարմար ճանապարհ էր դեպի Հնդկաստան եւ Եգիպտոս, իսկ Անգլիացիների համար Հայաստանի եւ հայերի առաջխաղացումը կասեցնելու նպատակն էր սահմանափակել Ռուսաստանի քաղաքական ազդեցության անզուսպ տարածումը: Անգլիական կառավարության պատվերով մի անգլիացի եվ ամերիկացի պատմաբանների կողմից, հայկական ջարդերի մասին հավաքած եւ խմբագրած փաստատղթերը (The Treatment of Armenians in the Ottoman Empire), նպատակ ուներ ամերիկացիների մեջ արթնացնել խղճի, ցավակցության ու ողորմության զգացմունք հայերի հանդեպ՝ նրանց ստիպելով մտնել պատերազմի դաշտ գերմանացիների եվ Թուրքերի դեմ (ի միջի այլոց նույն կեղծավորությամբ նրանց հաջողվեց ամերիկացիներին դարձնել իրենց դաշնակից՝ Գերմանիայի եւ Ռուսաստանի դեմ Երկրորդ Համաշխարհային Պատերազմին): Այն պետությունը, որը պատվիրեց եվ հովանավորեց «Կապույտ Գրքի» խմբագրությունն ու հրատարակությունը, միակ երկիրն է, որ մինչեվ հիմա չի ճանաչում Հայկական Գենոսիդը (եղեռնը), բայց ամեն տարի Ապրիլ 24-ին բարոյական պարտականություն է համարում թույլ տալ հայերին հիշելու իրենց նահատակներին՝ քայլարշավով Լոնդոնի փողոցներով: Գերմանացիները դաշնակցեցին Երիտթուրքերի հետ՝ ընդարձակելու եւ սահմանափակելու Անգլիացիների առեվտրական ցանցերը: 1916 թ. Փարիզում լույս տեսավ Henry Barby-ի մի գրքույկը, որն աճապարանքով Միքայել Շամտանճեանը թարգմանեց Հայերենի եւ 1919 թ. հրատարակեց Կ.Պոլսում՝ ի ուշադրություն հրապարակման թվականին եվ վայրին: Գրքի հայերեն վերնագիրն է. «Սարսափի երկրի մէջ Նահատակ Հայաստան», որի մեջ Գերմանացի գեներալ Դելբրուկը հպարտորեն հայտարարում է, որ իրենց կառուցելիք երկաթուղու գիծը՝ Համբուրգից դեպի Պարսկական Նեղուցը, «Սուիզի նեղուցի նման», կազատի Գերմանական առեվտուրը անգլիացիների կապանքներից, եվ ամայացված Հայաստանը Միջագետքի հետ կդառնա «Ինդէս գերմանիկըէս»: Նույն, 1916 թվականին, երբ դեռ հայկական տարածքներում շարունակվում էր հայերի բնաջնջումն ու տեղահանումը, ֆրանսիացի հեղինակ Ռենե Պինոն հրատարակում էր իր «Հայերի բնաջնջումը» գիրքը՝ «Գերմանական մէթոդ, Թրքական գործելակերպ» մենագրությամբ, որը հայազգի հեղինակ Էդուարդ Չոբուրեանը 1919թ. թարգմանում է հայերեն եվ հրատարակում Կ.Պոլսում (Խնդրում եմ ուշադրություն դարձրեք այս երկու հրատարակությունների թավականի եվ հրատարակության վայրի վրա):

97 տարի է անցել, մոտենում է 100-ամյա հոբելյանը Մեծ Եղեռնի: Հայկական պատմագիտության համար անհրաժեշտ է վերլուծել հայկական հարցի միջազգայնացման պատճառները, ընթացքը, նվաճումներն ու ձախողությունները: 1894-1923թթ. ավելի քան 23 միջազգային կոնֆերանսներ են գումարվել Թուրքերի եւ եվրոպական երկրների միջեվ հայկական հարցի շուրջ՝ մասնակի մասնակցությամբ հայ ներկայացուցիչների: Հակական հարցի անհաջողության պատճառը «Մշակ» թերթի հայտնի խմբագիր Գրիգոր Արծրունին համարեց Անգլո-Թուրքական գործակցության հետեվանք: Նրա կարծիքով Եվրոպական դիվանագիտության ստեղծած «մարդկային իրավունք»-ի արժանիքը վերապահում էին այն ազգերին, որոնք զինված պայքար էին մղել Թուրքիայի դեմ, իսկ հայերը ոչինչ չստացան, որովհետեւ չապստամբեցին: Համաձայն պատմաբան Րաֆֆու, հայերն արդյունքի չհասան ո՛չ Սան Ստեֆանոյում եվ ո՛չ էլ Բեռլինում, որովհետեւ «նախապատրաստված չէին ժամանակից մեծ օգուտ քաղելու»: Բեռինի 61-րդ հոդվածը կատարյալ չարիք դարձավ արեվմտահայության համար՝ Ռուս-Թուրքական եւ Ռուս-Անգլիական նվաճողական դիվանագիտության պատճառով: Ջոն Կիրակոսյանը Սան Ստեֆանոյի եվ Բեռլինի դաշնագրերը համարեց հայկական հարցի միջազգայնացման սկիզբ՝ առանց որեվե դրական արդյունքի: Այս հեղինակը միաժամանակ ցույց է տվել նախ անգլիական քաղաքականության կործանարար դերը եվ մյուս դեպքում էլ՝ հայերին ապակողմնորոշելու գործընթացը: Հայոց ակադեմիայի պատմաբան Մկրտիչ Ներսեսյանի կարծիքով, մեծ պետությունների միջեվ եղած խոր հակասությունները, որոնք մեծ չափերի էին հասնում, հատկապես Անգլիայի թուրքասիրական քաղաքականության հետեւանքով, պատճառ դարձավ հայկական հարցը փակուղու մեջ դնելուն:

Թուրք պատմաբանները եւ Եվրոպացի պատմիչները հայկական հարցը համարում են արհեստական, Ռուսաստանի եւ Եվրոպական տերությունների հրահրած հարց, որը բացառապես ծառայելու էր որպես Օսմանյան Թուրքիայի ներքին գործերին միջամտելու պատրվակ: Թուրքական պատմագիտությունը հիմնովին ժխտում է հայության իրավազուրկ եվ կեղեքված լինելու վիճակն Օսմանյան Թուրքիայում: Նրանք հայերի ազատագրական շարժումներն համարում էին օտար միջամտության արդյունք, իսկ հայերին տալիս «անհավատարիմ ազգ» բնութագիրը, որոնք իբր դավաճանել էին «Օսմանյան հայրենիքին»: Նրանք ջնջում են հայերի ազգային ինքնորոշման իրավունքը եվ փոխարենը ճգնում հիմնավորել Թուրքիայում նրանց տրված ազգային-քաղաքական կարծեցյալ իրավունքները եվ դրանք ապահովող Եվրոպացի պետությունների երեւութական երաշխիքները:

Հայաստանի Գրականության եվ Արվեստի Թանգարանում ամփոփուած կան շուրջ 550-ի հասնող նշանավոր մտավորականների թանկարժեք Նամակներ: Դրանցից այստեղ պիտի կատարեմ երեք մեջբերումներ:
Առաջինը Պատկանում է հայ ազգային երաժշտության տաղանդավոր ներկայացուցչին՝ Կոմիտաս վարդապետին: Իր նամակներից մեկը, գրված 1912թ.Դեկտեմբերի 25-ին, ուղղված է Փարիզի «Անահիտ» ամսագրի գրող եվ հասարակական գործիչ Արշակ Չոպանեանին: Նա գրում է.

«… չը պէտք է բաժնուինք, չպէտք է խաբուինք Եվրոպայի զանազան խոստումնալից խաբկանքներից: Ըստ իս, առաջին քայլն է բոլոր հայութիւնն ամփոփել ռուսի իշխանութեան տակ, քանզի վախ չունիմ, թէ ռուս կառավարութեան մէջ կը հալինք, այնուամենայնիւ մեր ինքնագիտակցութիւնը զարթնած է, եւ եթէ խելոք շարժուինք, կը վաստկենք. Երկրորդ քայլն է՝ տնտեսապէս ու բարոյապէս, զուտ ազգային, առանց օտարէն ու մեզ անմարս գաղափարներով առաջնորդուելու, զարգանալ. Երրորդ քայլն արդեն ի՛նքը, ռուս յեղափոխութիւնն է, որ պիտի անէ, ո՛չ թէ մենք, իսկ մենք օգտուելու ենք այդ քայլէն, սակայն պատրաստուելով, լեհերու պէս զուտ ազգային շաւիղը բռնելով: Եվրոպական մարդկային գաղափարները որքան որ ընտիր են ու փափագելի, բայց մեզ անպէտք են. պաղ երկրի բոյսերը մեր ջերմ արեւին տակ կը կիզուին…»:
Կոմիտաս Վարդապետ

Զարուհի Գալէմքարեանն իր «Դառնագոյն Յուշերում» պատմում է այս յուզիչ դեպքը. «…Հասել էինք 1915 թուական, խանդավառութիւն կար ժողովրդին մէջ. Մեծ Պահոց վերջին շաբաթն էր, կը պատրաստուէինք տօնել Զատիկը: Մեր տան բարեկամներն առհասարակ մտաւորականներ էին, որոնք ազատախոհ լինելով հանդերձ, համարձակօրէն կը խօսէին ու կը քննադատէին օրուան դեպքերը: Դանիէլ Վարուժան, հոյակապ քերթողը հայ գրականութեան, ամենէն սիրուած հիւրն էր մեր ընտանեկան յարկին: Խնդրած էի, որ աղջկանս գրականութեան դասեր սկսի տալ: Վարուժան դասի սկսելէն առաջ ներշնչուն յառաջաբան մը խօսեցաւ հայ ժողովուրդի հոգէկան ու բարոյական գերազանց յատկութիւններուն մասին եւ իբր շարադրութեան նիւթ տուաւ՝ «Վասն Հայրենեաց մեռաւ, նա շատ ապրեցաւ»:
Յետոյ մեր խօսակցութիւնները երկարացան օրուան քաղաքական նիւթերուն շուրջ: Թուրքերու ներքին զգացումներուն եւ հայատեաց բնազդներուն մասին շատ խօսած էր ինձ ամուսինս, որ երկար տարիներ իբրեւ դեղագործ ծառայած էր արքայական բանակին: Ես վարանոտ ու կասկածոտ էի Իթթիհատականներու վերջին վերաբերումներէն դատելով: Երկար խօսակցութիւններէ վերջ զուարթ ժպիտ մը անցաւ Վարուժանին շրթունքներուն մէջէն եւ մեկնելու պատրաստուելով ըսաւ.

-Տակաւին նախորդ երեկոյ Զօհրապ Թալէաթին հետ բոքեր [poker] խաղացեր են. լաւ են Իթթիհատական տրամադրութիւնները մեր մասին: Ապահով քնացէք, տիկի՛ն, մենք շատ բարեկամներ ունինք բարլամէնթին [parliament] մէջ: Եւ գլխարկը դնելով, ծանր-ծանր կրկնեց աղջականս շարադրութեան նիւթը՝ «Վասն Հայրենեաց մեռաւ, նա շատ ապրեցաւ»:

Ֆրանսացի գրող Վիկտոր Հյուգոն անդրադառնալով հայկական ջարդերին, ասում է. եթե Փարիզի փողոցներում մի անտուն, անտեր մարդու սպանեն, դա համարվում է մարդասպանություն՝ արժանի մահվան դատապարտության: Իսկ մի ամբողջ ազգ տեղահանվում է իր մայրենի հողի վրայից, կոտորվում. Եվրոպան այն համարում է «հարց»: Շատերդ վստահ եմ հետեվում եք հեռուստացույցի վրա տարվող Նորվեգացի ծայրահեղ ազգայնամոլ Անդերս Բրեիվիկի դատավարությանը: Մարդ, որն օրը ցերեկով՝ մտածված, ծրագրված մեթոդով սպանում է 70 անմեղ անհատների: Ինքն ընդունում է իր հանցագործությունը, սակայն դատավարություն է տեղի ունենում ճշտելու համար, թե Բրեիվիկը «ողջամի՞տ», թե «անողջամիտ». «նորմա՞լ», թե «աննորմալ» էր, երբ այդ արարքը գործադրեց:

Ազգն ունի հոգի եվ ունի բարոյական սկզբունք: Երկու տարրերից է կազմված այդ ոգին, անցյալի ժառանգությունն ու ներկայի սերը: Ապրիլ 24-ը եղեռնական ժառանգութիւնն է մեր անցյալից, իսկ դրա լուսավոր հիշատակը անշեջ պահելը, նոր սերունդի գերագույն պարտականությունն է: Մենք շատ հաճախ ենք խոսում մեր անցյալի փառքերից: Պետք է զգույշ լինենք, որ անցյալի փառքը չկարծրանա իբրեվ կեղեւ՝ կասեցնելով մեր մարմնի աճը: Ստեղծագործ լինելու եվ կենսալի մնալու համար, զարգացումը անժխտելի օրենք է: Հետեվաբար, մեր նվաճումները պետք է խթան դառնան մեր ապագան ապահովելու համար:
Օրհնութիւն եւ փառք նրանց հիշատակին.

Գրականության ցանկ

NersessianVrej Nerses ,‘The Business of Death :Genocide Industry’, Armenian Reporter International.April 16,2005,vol.XXXVII,Iss.29.
Nersessian Vrej,Dr., ‘ The forgotten genocide’, World Magazine,March 1990,pp. 68- 76.[The article was commissioned by BBC to accompany the photographs taken by Wolfgang Kunz].N
Nersessian, Vrej,Dr., ‘Grigor Zohrab 1861-1915(The Storm),Daniel Varouzhan 1884-1915, (Oriental Bath, The Flickering Lamp), Siamanto 1878-1915 (A Handful of Ash)’, in The Lost Voices of World War I. An international Anthology of writers, Poets & Playwrights, edited by Tim Cross.Bloomsbury1988.The volume was prepared by Armistice Festival: An International arts festival to commemorate the fallen of the First World War, November 1988.Patron:HRH the Duke of Kent KG; President: Sir Yehudi Menuhin OM KBE
Appendix. A complete list of all poets, playwrights, writers, artist, architects and composers who died as a result of the First World War, I have included biographical details of forty seven Armenians who were massacred by the Turks in 1915.
Revd. Dr. Vrej Nerses Nersessian
Vicar
St Yeghiche Armenian Church London
24 April, 2012.

Leave a Reply

css.php