Արևե՞լք, թե՞ Արևմուտք. Հայաստանը աշխարհաքաղաքական խաչմերուկում` 2013-ի ընտրություններին ընդառաջ

Արևե՞լք, թե՞ Արևմուտք. Հայաստանը աշխարհաքաղաքական խաչմերուկում` 2013-ի ընտրություններին ընդառաջ

Այսօր` դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կստորագրվի Հայաստանի քաղաքացիների համար դեպի Եվրամիության երկրներ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիր: Իսկ հունվարի 1-ից Հայաստանն ընդհանրապես փոխել է եվրոպական երկրների քաղաքացիների համար վիզային ռեժիմը: Սա այն դեպքում, երբ Եվրոպան և Ռուսաստանը ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվել վիզային ռեժիմի դյուրացման մասին:

Տարեվերջը Հայաստանի համար բավական հագեցած էր եվրոպացի պաշտոնյաների այցելությունների և ԱՄՆ քաղաքականության ակտիվացման իմաստով: Երևան այցելեցին Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը, Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին և Բուլղարիայի արտգործնախարար Նիկոլայ Մլադենովը:

Երևանում ողջունելով նախարարներին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշեց «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում երկրների միջև փոխգործակցության խորացման կարևորությունը: Կողմերի գնահատմամբ` Հայաստան-ԵՄ հարաբերությունները բուռն զարգանում են: Նշվեց, որ Հայաստանը լավ առաջընթաց է արձանագրել Ասոցացման համաձայնագրի կնքման բանակցություններում, և հաջողությամբ ընթանում են Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի բանակցությունները: Այս համաձայնագրերը կարող են կնքվել արդեն 2013-ի նոյեմբերին:

Ռադոսլավ Սիկորսկին նշեց այս գործընթացում 2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների կարևորությունը: «Այս ընտրությունները պետք է բացառեն անգամ չնչին մեղադրանքի հնարավորությունը: Սա շատ կարևոր է 2013 թ. Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի տեսանկյունից»,- ասել է նա:

Ճիշտ նույն օրերին Հայաստանում էր Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Իվ Ռոսիեն: Նա նշեց, որ Շվեյցարիան կարևոր է համարում Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումը: Զրուցակիցները քննարկել են համագործակցության ոլորտների ընդլայնման հնարավորությունը, կարծիքներ են փոխանակել միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկրների փոխգործակցության շուրջ:

Ընդ որում, Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 15-ին կայացած ՀՀԿ համագումարում հրապարակեց նախընտրական ծրագիրը, որում որպես առաջնահերթություններ նշվել են հետևյալ կետերը` Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունների ամրապնդում և ռազմավարական համագործակցության ամրապնդման ծրագրի իրականացում, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հետ բարեկամական գործընկերության զարգացում և ընդլայնում, Եվրոպայի հետ մերձեցման քաղաքականության շարունակում, եվրոպական երկրների հետ հարաբերությունների ամրապնդում:

Այլ խոսքով` Սերժ Սարգսյանը մտադիր չէ հրաժարվել կոմպլեմենտարության ուղեգծից, սակայն խորացնելու է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան այնքան, որքան հնարավոր է:
Ռուսաստանն այնքան էլ գոհ չէ այդ ուղեգծից, և պատահական չէ, որ տարեվերջին հաղորդում է հնչել այն մասին, որ «Գազպրոմը» մտադիր է բարձրացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը:

Ռուսաստանի վարչապետ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Դմիտրի Մեդվեդևը ՀՀԿ համագումարի պատվիրակներին ուղղված ողջույնի խոսքում նախազգուշացրել է, որ համագումարի որոշումները «ուղղակի ազդեցություն կունենան երկրի ապագայի, հետևաբար, նաև ռազմավարական գործընկերության բնույթի ունեցող հայ-ռուսական հարաբերությունների վրա»: Հնարավոր է` նա Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում սպասում էր Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին ավելի կտրուկ հայտարարություններ:

Իր հերթին, ողջույնի ուղերձում Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարտենսը հաստատեց Սերժ Սարգսյանին կատարյալ վստահություն` բարեփոխումների նրա օրակարգը համարելով Հայաստանում լուրջ և կայուն փոփոխություններ իրականացնելու համար միակ վստահելին:

«Մենք բոլորս եվրոպացի ենք: Հայաստանը պատկանում է Եվրոպային: Մենք կիսում ենք նույն ժառանգությունը և, հետևաբար, նույն ճակատագիրը: Նախագահի և վարչապետի աշխատանքով ՀՀԿ-ն ապացուցել է փոփոխությունների առաջնորդ լինելու հանգամանքը: Հայ ժողովուրդը վստահել է Ձեզ երկրում փոփոխություններ անելու հարցը: Ես կասկած չունեմ, որ երկու ամիս հետո հայ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի երկրում հետագա փոփոխություններ իրականացնելու և ժողովրդավարությունը համախմբելու համար»,- հավելեց նա:

Իսկ Սպիտակ տանը ԱՄՆ-ում «ինովացիոն» այցով գտնվող Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին ընդունեց փոխնախագահ Ջո Բայդենը: Մինչ այդ Հայաստան էր ժամանել ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիան: Նախագահի հետ հանդիպման ժամանակ կարևորվել են Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը, օրենքի գերակայության ապահովմանն ուղղված ջանքերը: Ընդգծվել է, որ Հայաստանի զարգացումը հնարավոր չէ առանց այդ ուղղությամբ արմատական քայլերի: Հավանաբար, ԱՄՆ-ը մտադիր է սատարել «վճռական քայլերը»:

Leave a Reply

css.php